Օլիմպիադային մասնակցելու հայտեր են ներկայացրել թե հանրապետությունից, թե արտերկրից
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է աշակերտների գարնանային օլիմպիադան, որին մասնակցելու հայտեր են ներկայացրել և´ Հայաստանի, և´ այլ երկրների 1-11-րդ դասարանցիներ:
Կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության համաձայն, օլիմպիադայի առաջադրանքներ են կատարում ավելի քան 700 սովորողներ, որոնցից շատերը ընտրել են երկու և ավելի առարկաներ:
Օլիմպիադայի առաջադրանքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն:
Տեղեկատվության համաձայն, հեռավար օլիմպիադան հետաքրքրություն և ոգևորություն է առաջացրել սովորողների մեջ, որոնք այդ մասին անընդհատ պատմում են կրթահամալիրի կայքում: Ավելի ակտիվ դարձավ սովորողների արձագանքը հատկապես գարնանային արձակուրդի օրերին: Կայքում պարբերաբար տեղադրվում են նմուշներ կրտսեր դպրոցականների «Օլիմպիկ»-ից: Սովորողների օլիմպիական աշխատանքի մասին արդեն սկսել են պատմել պատասխանատու մասնագետները:
Առաջադրանքներին արձագանքում են նաև տարբեր բնագավառների մասնագետները: Առաջադրանքների պատասխաններն ընդունվում են մինչև մարտի 28-ը (1-4-րդ դասարանցիներինը` մինչև ապրիլի 1-ը):