Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու շուրջ
Վրաստանի կրթության և գիտության նախարարի և գերմանական Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում:
Նախարարը մասնակցել է Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած` Եվրամիության կողմից իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին և հանդես եկել բացման խոսքով: Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու և դրանց քանակը վրացերենի դասաժամերին հավասարեցնելու շուրջ, ինչպես նաև Հայաստանի մասնագետները այսուհետ կմասնակցեն դասագրքերի` վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին և կշարունակվի նաև «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները:
Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարները ստորագրել են հուշագիր` 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակներ հատկացնելու վերաբերյալ:
Նախարարությունից հայտնում են, որ Ա. Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Կատյա Քրիստինա Պլատեի, Վրաստանի կրթության որակի և զարգացման կենտրոնի տնօրեն Դավիթ Կերեսելիձեի, «Ալգորիթմ» ձեռնարկության տնօրեն Գ.Կորոխոշվիլիի հետ: Նախարար Ա. Աշոտյանն այցելել է նաև Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան և հանդիպում ունեցել հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպես նաև Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների և աշակերտների հետ: