Բեռլուսկոնին այսօր հերթական անգամ կկանգնի դատարանի առաջ
Այսօր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կանգնելու է դատարանի առաջ. նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Սա արդեն չորրորդ դատական գործն է, որ ընթանում է Իտալիայի վարչապետի դեմ, փոխանցում է «ԲԻ Բի Սի»-ն: Բեռլուսկոնին հայտարարել է, որ ինքն անձամբ է ներկայանալու դատական նիստերին, որպեսզի այդպիսով ապացուցի իր անմեղությունը:
Այս դատական հայցը կապված է նրա մեդիա ընկերություններից մեկի հետ. Բեռլուսկոնին, նրա որդին ու գործընկերները մեղադրվում են այն բանի համար, որ նրանք կանխամտածված բարձրացրել են հեռուստատեսային իրավունքների համար սահմանված վարձավճարը, և հետո ավելացած գումարները ուղղել քաղաքական ու այլ նպատակների համար:
Իտալիայի 74-ամյա վարչապետը իր գործունեության ընթացքում արդեն իսկ ներգրավված է եղել 50 դատական գործընթացների մեջ և անձամբ չի ներկայացել դատական նիստերին: