Սիրիայում հուզումները շարունակվում են. սիրիահայությունը պաշտպանում է երկրի նախագահ Բաշար Ալ Ասադին
Սիրիայում հուզումների ալիքը, որ սկսվել էր հարավում, արդեն երկու օր է` հասել է Լաթակիա, Հոմս և Համմա քաղաքներ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հալեպում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Աշոտ Մանուկյանը և ասաց, որ Հալեպում իրավիճակը նորմալ է ու ոչ մի արտակարգ բան չկա: «Ընդհակառակը, այստեղ երիտասարդները դրոշներով ավտոերթեր են անցկացնում` ի պաշտպանություն երկրի նախագահի ու այսօրվա վարչակարգի», -տեղեկացրեց Մանուկյանը:
Հյուպատոսի խոսքով, Հալեպում շուրջ 250 ՀՀ քաղաքացի կա, և նրանք ապահով վիճակում են, քանի որ «հյուսիսային շրջանում իրավիճակը խաղաղ է»:
«Սիրիահայության դիրքորոշումը միանշանակ պետական իշխանության կողմն է, միանշանակ, որովհետև հայությունն այստեղ արտոնյալ վիճակում է գտնվում` ունի իր դպրոցները, եկեղեցիները: Միայն հայերն են, որ ունեն իրենց մայրեին լեզվով դասավանդելու, դպրոցներ ունենալու հնարավորություն, եկեղեցիները գործում են, պատարագ մատուցում», -հավելեց Հելոպում ՀՀ հյուպատոսը:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ էլ, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն այսօր ժողովրդին ուղղված ուղերձով հանդես կգա, որով գնահատական կտա երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու կբացատրի ծրագրված բարեփոխումների նպատակները:
Մանուկյանը տեղեկացրեց, որ նախագահ Բաշար Ալ Ասադը մի շարք բարեփոխումներ է իրականացրել այս օրերի ընթացքում, որոնց համաձայն աշխատավարձեր են բարձրացվել, հողային բարեփոխումներ են կատարվել, սոցիալապես անապահովներին նպաստներ են հատկացվել: Բայց, ըստ Մանուկյանի, ցուցարարները գտնում են, որ դրանք բավական չեն ու շարունակում են բողոքը:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սիրիական իշխանությունների կարևորագույն քայլը կլինի 1963-ին հայտարարած արտակարգ իրավիճակից հրաժարումը: Սիրիայի իշխանությունները բացեիբաց հայտարարել են, որ ցուցարարների պահանջները արդարացի են ու հայտարարել են քաղաքական բարեփոխումների մեծ ծրագրի մասին: Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է երկրում բազմակուսակցականության համակարգ ներդնել, ԶԼՄ-ների մասին նոր օրենք ընդունել ու իրականացնել դատական բարեփոխումներ: Արտակարգ իրավիճակի մասին օրենքը չեղյալ համարելու արդյունքում սպասվում է, որ բանտերից շուրջ 2 հազար այլախոհ ազատ կարձակվի:
Տեղեկացնենք, որ նախօրեին Հայաստանում բնակվող սիրիահայերը ակցիա էին կազմակերպել Հայաստանում Սիրիայի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն երկրի նախագահ Բաշար Ալ Ասադի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան