ԿԳ նախարար. «Նախատեսվում է բարելավել ԿԳՆ հեղինակությունը` հաղորդակցության և ազդեցության մեծացման միջոցով»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ ԿԳՆ հաղորդակցության ռազմավարությունը 2011-2015 թվականների համար» ծրագրի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ինչպես նաև ԿԳ ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ռազմավարության նպատակն է նաև բարելավել ՀՀ կրթության և գիտության նախարարության հեղինակությունը` հաղորդակցության և ազդեցության մեծացման միջոցով: Նրա խոսքով, ռազմավարության նպատակներից է բարելավել տեղեկությունների ներքին հոսքը` արտաքին հաղորդակցությանն օժանդակելու նպատակով:
«Ռազմավարության ծրագրերի իրականացման շրջանակներում նախատեսվում է լրագրողների հետ հաղորդակցության ձևերը և մեթոդները ավելի ճկուն դարձնել, ինչպես նաև ԿԳ նախարարության իրականացրած ծրագրերի և աշխատանքների իրազեկության մակարդակը բարձրացնել»,- ասաց նա:
ԿԳ նախարարի խոսքով, այս ռազմավարության ծրագրերի իրականացման շրջանակներում նախատեսվում է կրթության ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել ամառային դպրոց, որպեսզի լրագրողները շատ ավելի մատչելի կերպով ԿԳ նախարարության իրականացրած ծրագրերը ներկայացնեն հասարակությանը:
Ա. Աշոտյանի խոսքով, նախատեսվում է այս ռազմավարության շրջանակներում ԿԳՆ-ի հովանավորությամբ ստեղծել հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ`թիրախային խմբերի հետ աշխատելու նպատակով: «Նախատեսվում է նաև կազմակերպել հանրային բաց քննարկումներ, իսկ լրագրողների համար կազմակերպել աշխատաժողովներ և բաց սեմինարներ: Ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ հիմնել օրինակելի լուսաբանելու համար ամենամյա մրցանակներ»,-նշեց Ա. Աշոտյանը:
Վերոնշյալ ռազմավարության ծրագրերի իրականացման շրջանակներում նախատեսվում է նաև համացանցի հարթակներում ստեղծել կրթության ոլորտին առնչվող էջեր:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան կարևորեց այս ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը և պատրաստակամություն հայտնեց աջակակցել ռազամավարության գործողությունների իրականացմանը: Նա նշեց, որ այս ռազամավարության ծրագրերի իրականացման համար ՄԱԿ-ը նախատեսում է հայթայթել ֆինանսական միջոցներ դոնոր կազմակերպություններից: «Այս ծրագիրը նպատակ ունի խորքային բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում, որն էլ կնպաստի էլ ավելի սերտ կապեր հաստատել հասարակության հետ»,- հավելեց նա:
Նշենք, որ վերոնշյալ ռազմավարության մշակման նախաձեռնությունը ԿԳ նախարարին է: Այն իրականացվելու է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի աջակցությամբ: