«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ». եռօրյա համաժողով
Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 25, 26, 27-ին կայացել է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակն աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր: Այս մասին տեղեկացանք Եվրասիա միջազգային համալսարանից:
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաև հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված էին կիսելու իրենց գիտելիքն ու փորձը ապագայում հայաստանյան աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար:
Հանդիպմանը քննարկվող թեմաներն էին hամաշխարհային արդի զարգացումները, գործատուի կողմից աշխատողին ներկայացվող ժամանակակակից պահանջները, կամավորական աշխատանքը` որպես աշխատանքային փորձառություն ձեռք բերելու լավագույն տարբերակ, ինպես նաև անհատի և կազմակերպություների առաքելության, նպատակների, տեսլականի, արժեքային համակարգի սահմանմանն ու հստակեցմանը ներկայացվող տարբեր պահանջներն ու դրանց կարևորությունը:
Հանգամանալից խոսելով համաշխարհային զարգացումների մասին`Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորել է երիտա-սարդների նորարար և ստեղծագործ մտածելակերպի անհրաժեշտությունը մաս-նագիտական ցանկացած բնագավառում մրցունակ լինելու նպատակով:
Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը կարևորել են նմանատիպ միջոցա-ռումների առավել լայնամասշտաբ իրականացումը, իսկ կազմակերպիչները հանձն առան հաջորդ անգամ հանդես գալ միջբուհական նախաձեռնությամբ:
Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996թ.-ին և ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում հանդիսանում է հավատարմագրված առաջատար մասնավոր կրթական հաստատություններից մեկը: Այն հաջողությամբ համադրում է ավանդույթն ու նորարարությունը` հավատարիմ մնում հայ ազգային կրթության լավագույն սկզբունքներին: