Փորձագետ. Հայկական զինված ուժերը վերահսկում են Ադրբեջանի երկինքը, ահաբեկչությունը պատասխան կստանա
Ադրբեջանական քարոզչությանը թերագնահատել չի կարելի, բայց Ստեփանակերտի օդանավակայանի և քաղաքացիական ինքնաթիռների վերաբերյալ պաշտոնական սպառնալիքները Բաքվի քարոզչամեքենայի սխալն է: Նման հայտարարությամբ այսօրվա ասուլիսում հանդես եկավ ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին հայտարարությունը նրանց դիպուկ սխալն էր, քանի որ Արևմուտքը, չնայած իր քաղաքական դիրքորոշումների, հայտնի է մարդասիրական դիրքորոշմամբ: Նման հայտարարությամբ Ադրբեջանը ստացավ ահաբեկչական երկրի համբավ»,-ասաց բանախոսը, նշելով, որ նման գնահատականներ է հնչեցրել նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Փորձագետի կարծիքով, Բաքուն փորձում էր նաև ստուգել միջազգային հանրության զգոնությունը, բայց հանդիպեց դատապարտող արձագանքներին:
Փորձագետն այն կարծիքին է, որ հայկական կողմը պետք է խստագույնս արձագանքի նման քարոզչությանը` պահանջելով, որ միջազգային կառույցները դատապարտեն այս երևույթը:
«Ես չեմ պատկերացնում, որ որևէ հայ պաշտոնյա նման հայտարարությամբ հանդես գա: Այստեղ գործ ունենք արժեքային համակարգի հետ», - ասաց նա:
Դ.Ջամալյանի խոսքով` հայկական զինված ուժերը վերահսկում են Ադրբեջանի երկինքը և նմանատիպ քայլերին պատասխան կլինի:
«Ադրբեջանի երկինքը վերահսկվում է, բայց սա չի նշանակում, որ մեր պատասխանն իրենց պետք է նմանատիպ լինի, թե մենք էլ հարվածենք քաղաքացիական օբյեկտներին: Այլ ձևեր էլ կան: Միջնորդ երկրներն էլ են հասկանում, որ հայկական կողմը սա անպատասխան չի թողնի, և նրանք ադրբեջանցիներին հորդորում են չգնալ այդ քայլի: Չեմ կարծում, թե Ալիևը այդքան արկածախնդիր է, որ կգնա նման քայլերի», – ասաց բանախոսը: