«Օգնիր դպրոցիդ» -ը քայլ ` ուղղված դպրոցներում դրամահավաքության արատավոր երևույթի մերժմանը
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի ստեղծումը ուղղված է ապագա սերնդի ճիշտ դաստիարակմանը, բարեկարգ կրթօջախներ ունենալուն, դպրոցի դերը հասարակության շրջանում էլ ավելի բարձրացնելուն և որակյալ կրթություն ապահովելուն:
Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կայքի գործարկման մասին իրազեկման և հնարավորին լայն տարածման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քննարկման ընթացքում կարևորվել է ակտիվ համագործակցությունը պետական և համայնքային կառույցների, բարերարների, գործարարների, դեսպանատների, հայկական մեծ սփյուռքի հետ: Հանգանակություններն ու նվիրատվությունները կամավոր սկզբունքով են, օժանդակությունն` ուղղված, ինչպես հարազատ, այնպես էլ մայրաքաղաքի ցանկացած դպրոցի բարեկեցությանը:
Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ իրազեկման շրջանակում պետք է հատուկ շեշտադրել Երևանի քաղաքապետի հանձնարարականը, համաձայն որի պատասխանատու բոլոր կառույցները պետք է վերահսկեն կամավոր կատարված հանգանակություններից գոյացած միջոցների և դրանց տնօրինման թափանցիկության ապահովումը:
Հաշվի առնելով, որ դպրոցներն այսօր բազմաթիվ կարիքներ ունեն, «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով դպրոցներին ուղղված ցանկացած կամավոր վճարում կարող է զգալի օգուտ տալ կրթօջախների խնդիրների լուծմանը: Բացի այդ, կայքի ստեղծումը ևս մեկ քայլ է ուղղված դպրոցներում դրամահավաքության արատավոր երևույթի մերժմանը: