ԵԱՀԿ. Ադրբեջանը չի լուծում իր առանցքային խնդիրները
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ադրբեջանական իշխանություններից պահանջել է դատապարտել լրագրող Սեյմուր Խազիևի առևանգման փաստը:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, «անհայտ անձանց» կողմից առևանգվել ու ծեծի էր ենթարկվել ադրբեջանական «Ազադլիգ» թերթի լրագրող Սեյմուր Խազիևը:
Իր հայտարարությամբ Միյատովիչը, Ադրբեջանին հորդորել է շտապ միջոցներ ձեռնարկել՝ լրագրողների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:
«Իշխանությունները պետք է ամենաակտիվ միջոցառումները ձեռնարկեն, որպեսզի վերջ դնեն լրագրողների նկատմամբ բռնություններին և անվտանգ մթնոլորտ ստեղծեն նրանց աշխատանքի համար: Դա իշխանությունների առանցքային խնդիրներից է, սակայն Ադրբեջանի կառավարությունը չի կատարում այդ պահանջները»,- նշել է նա:
Նա նշել է, թե իշխանությունները պարտավոր են հետաքննություն անցկացնել ոչ միայն այս միջադեպի, այլ նաև անցյալում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերի կապակցությամբ: