Ռոբերտ Բրադկե. Պատերազմի բացառման հարցում բոլորը համակարծիք են
«Հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն ինչ-որ մեկին ձեռնտու է, սակայն տվյալ իրադրությունը չի երաշխավորում կայունություն», - մարտի 28-ին Վաշինգտոնում Հանուն միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
Այս մասին գրում է «Ռեգնումը» ` հղում անելով ԱՊԱ գործակալությանը: Միաժամանակ` աղբյուրի համաձայն, ամերիկացի դիվանագետը նշել է, որ իր երկիրը` համանախագահ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ աշխատում է խնդիրը հնարավորինս շուտ խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերն էլ համակարծիք են Անդրկովկասում նոր պատերազմի անթույլատրելիության մտքի հետ:
«Տարածաշրջանում ապրող ժողովուրդները արժանի են ավելի լավ, կայուն և բարեկեցիկ ապագայի, և նման ապագայի համար նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից», - ասել է Ռոբերտ Բրադկեն: Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ չի ցուցաբերվում ակնկալվող ուշադրությունը, և ընդգծել, որ հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ` շարունակվող:
Աղբյուրի համաձայն, իր ելույթւոմ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է բանակցությունների պատմությանը, խոսել նախկինում թույլ տրված սխալների մասին: Նրա համոզմամբ` խաղաղ գործընթացը նախորդ տարիների համեմատ շատ ավելի բարդացել է:
Մեկ այլ փորձագետ` Թոմաս դե Վալը, կոչ է արել բանակցություններն ավելի թափանցիկ ու անկեղծ դարձնել:
Տեղեկատվության համաձայն` կոնֆերանսի մասնակիցներն ընդգծել են, որ տարածաշրջանում խաղաղությունը կենսական կարևորություն ունեցող գործոն է: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պատերազմի վերսկսումը Հարավային Կովկասում անթույլատրելի է: