Ո՞ր դպրոցների տնօրեններն են ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ պետք չէ վարկաբեկել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։ Նա նշեց, որ այն դեռ նոր է ներդրվել և որոշ շտկումներ իրականցվելու են գործընթացի ընթացքում:
Ըստ նրա, այս քննական գործընթացի խիստ անհրաժեշտություն կար:
«Տարիներ շարունակ դպրոցներում ձևավորվում էր որոշակի կաստա: 1400 դպրոցից 800-ում պաշտոնավարում էին տնօրեններ, որոնց հետ կնքված են անժամկետ պայմանագրեր»,-ասաց նա
Նրա խոսքով, անժամկետ պայմանագիր ունեցող տնօրենների պայմանագրերը 2011 թվականի օգոստոսի 1-ից դառնալու են ժամկետային, անցկացվելու են դպրոցի տնօրենների ընտրություններ:
«Ես չեմ կարծում, որ անժամկետ աշխատանքը նպաստում է դպրոցի աշխատանքի արդյունավետությանը և դպրոցի բարեփոխումներին»,- ասաց նա:
ԿԳ նախարարը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարարութունում մեծ գումարներ են շրջանառվում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցակացվող քննությունները ստանալու համար և նշեց, որ այդ կապակցությամբ որևէ ահազանգ չի եղել: Ըստ նախարարի, այս լուրերը տարծում են մարդիկ, որոնք փորձել են այդ ճանապարհով ստանալ քննություններ, սակայն նրանց չի հաջողվել և նրանք ճարահատյալ բռնել են վարկաբեկման ճանապարհը:
«Ունեմ որոշ տեղեկություններ, որ որոշ դեպքերում փորձել են միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Այն դպրոցի տնօրենները, որոնց անունները ֆիքսվել են այդ պատմության մեջ, հատուկ ուշադրության կենտրոնում են քննությունների ժամանակ: Այդ տնօրեններից երկուսը կտրվել են քննություններից»,- ասաց նա:
Նախարարը անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց տնօրենների հավաստագրման քննություններում հաջողություն ունենալու համար կոչ է արվում տնօրեններին անդամագրվել Հանրապետական կուսակցության շարքերում:
«Իմ կուսակցությունն իմ առջև նախապայմաններ չի դրել և չի դնում, ինձանից պահանջվում է արդյունավետ և մաքուր աշխատանք: Նման լուրերը անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»,- հավելեց նա: