Աշոտյան. «Ադրբեջանի ԿԳ նախարարը պետք է շնորհակալություն հայտնի ինձ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ օրերս Վրաստան կատարած այցի ընթացքում վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուստարվանից վերականգնել Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի քանակը` դարձնելով նորից 7-8 ժամ:
«Ակնհայտ է, որ իմ ձեռք բերված պայմանավորվածությունից կշահի նաև ադրբեջանական համայնքը, քանի որ, եթե հայերենի դասաժամերն են վերականգնվում, ապա վերականգնվելու են նաև ադրբեջաներենի դասաժամերը: Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարը պետք է շնորհակալություն հայտնի վրաց նախարարին ու նաև ինձ, քանի որ ես մի քիչ ավելի արագ և շուտ բարձրացրեցի այս խնդիրը»,- հավելեց ԿԳ նախարարը:
Ինչ վերաբերում է հայկական դպրոցների դասագրքերին, նա նշեց, որ վրացական կողմի հետ պայմանավորվել են, որ նրանք Հայաստան կուղարկեն վրացերենից հայերեն թարգմանված դասագրքերի նախնական տարբերակները, որպեսզի մեր մասնագետները կարողանան խմբագրման աշխատանքներ իրականացնել:
Նախարարը, խոսելով ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մասին, նշեց, որ անցած տարի Վրաստանի հայկական դպրոցների շուր 100 հայ ուսուցիչ վերապատրաստվել է հայկական կողմի ջանքերով:
«Այս տարի ծրագիրը շարունկվելու է, 100-ից ավելի հայ ուսուցիչներ կվերապատրաստվեն Վրաստանում»,-ասաց նա:
Նրա խոսքով, վրացական կողմի հետ համագործակցությունը շատ արդյունավետ և կարևոր է երկու երկրների համար:
«Մենք մասնագիտական մոտեցում ենք որդեգրել իմ վրաց գործընկերոջ հետ կրթական հիմնախնդիրների նկատմամբ, և չունենք ոչ մի քաղաքական շահարկման ցանկություն: Սա է արդյունավետ աշխատելու բանաձևը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին