Աժուբալիս. Վրաստան-ԵՄ բանակցությունների արագությունը մտահոգիչ է
Ազատ առևտրի համաձայնագրի հարցով Եվրամիության հետ Վրաստանի բանակցությունները ցանկալի արագությամբ չեն ընթանում: DELFI գործակալությանը տված հարցազրույցում նման գնահատական է հնչեցրել Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ նախագահող Աուդրոնյուս Աժուբալիսը: Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող որևէ մեկին արտոնություններ տալ, քանի որ նմանատիպ հարցերում միանշանակ մեթոդաբանություն է կիրառում:
Պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչ հեռնակարներ կան` կապված ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հետ, Ա. Աժուբալիսը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Ազատ առևտրի համաձայնագրի հարցով բանակցությունները ցանկալի արագությամբ չեն ընթանում: Այցելության ընթացքում ես փորձեցի բացատրել, որ այդ կարգի բանակցություններում ԵՄ-ն ունի մի մեթոդաբանություն` անկախ նրանից, թե ում հետ են բանակցությունները: ԵՄ պրակտիկայում բացառություններ չկան: Ես փորձեցի քաջալերել վրացական կողմին` առաջ ընթանալ ու վստահել գործընկերներին, որովհետև Լիտվան նույնպես այդ ճանապարհն անցել է»:
Տեղեկացնենք, որ Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսը, ընգրկված է ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում: Այդ ծրագրի շրջանակներում, բացի Ասոցիացման համաձայնագրից ու վիզային ռեժիմների մեղմացումից, նախատեսվում է նաև ԵՄ հետ Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրերի ստորագրում: