Յուրօրինակ տոնախմբություն թատերասերների համար. Կմեկնարկի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը
Ապրիլի 3-8-ը Երևանում արդեն 9-րդ անգամ կանցկացվի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը կբացի ճանաչված գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմեյրը` թատերասեր հանրության դատին հանձնելով «Վերթեր» մոնոներկայացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:
Նա նշեց, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Թատերական գործիչների միությունը:
««ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնն իր ուրույն տեղն է գրավել մեր թատերական փառատոնների շարջանակում: Ես վստահ եմ, որ այս փառատոնը լինելու է արգասաբեր և հնարավորություն է ընձեռելու մեր դերասաններին կապեր հաստատել արտասահմանի դերասանների հետ»,- հավելեց Ս. Հարությունյանը:
Նրա խոսքով, ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Ազգային Ժողովի համագործակցությունն իր արդյունքներ է արձանագրում, քանզի ՀՀ մշակույթի նախարարությունն առանձին ի վիճակի չէ ֆինանսավորել բոլոր փառատոնները:
«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս տարի փառատոնի ընթացքում կցուցադրվի 17 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից և Եգիպտոսից, Հայաստանից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Նրա խոսքով, այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցելու են Իսրայելից և Եգիպտոսից թատերական խմբեր: Նա հայտնեց, որ 17- ներկայացումներից 9-ը արտասահմանյան են, իսկ մնացածը` հայկական:
Փառատոնի շրջանակներում հանդես կգա` Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում` թատերասերներին կներկայանա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացմամբ:
Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասանուհի Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Գերմանիա), Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել):
«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում` հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը` «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Սամվել Բաղինյանը` «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը` «Մարսել», Հասմիկ Վերդյանը` «Սևիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը` «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը` «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով: Այդ թվում նաև «Միհրե թատրոնը` «Պիեսներ մահվան մասին շարք» մոնոներկայացումներով:
Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ:
Դերասան Սամվել Բաղինյանի խոսքով, այս փառատոնը յուրօրինակ տոնախմբություն է թատերասեր հանդիսատեսի և դերասանների համար: «Շատ ողջունելի է, որ այս փառատոնում չկան մրցանակային տեղեր, ինչն էլ նպաստում է, որ փառատոնն անցնի առանց լարվածության»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «ԱՐՄՄՈՆՈ» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները