IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 12 քաղաքներում
«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 12 քաղաքներում: Այդ քաղաքների ցանկը հետևյալն է` Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Չարենցավան, Հրազդան, Սևան, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Դիլիջան:
Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:
Ներկայումս «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է.
Երևան, Կոտայք (Աբովյան, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր), Գեղարքունիք (Սևան):
Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, և առաջիկա 6 ամիսների ընթացքում 3 մարզերի ևս 5 քաղաքներ կմիացվեն «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ ցանցին:
Այդ քաղաքների թվին են պատկանում` Էջմիածինը, Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը և Մարտունին:
Ընկերության այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է