Կ. Ավագյան. Արցախն իրավունք ունի օգտվել օդային թռիչքներ իրականացնելու իրավունքից
«Այդ տղան կարծես թե «գլուխ չի հանում» առկա զարգացումներից, և առհասարակ, ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացից, քանի որ նրա հայտարարություններից միայն այդպիսի եզրահանգման կարելի է գալ: Ամեն անգամ, իր հայտարարություններով վերջինս «գերազանցում» է ինքն իրեն»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությանը, թե Երևանից Ստեփանակերտ օդային թռիչքների իրականացումը հակասում է միջազգային իրավունքի դրույթներին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Նրա կարծիքով, Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը հստակ է և իր համար տարօրինակ է, երբ Ադրբեջանի նախագահի ապարատից նման հայտարարություններ են հնչում:
«Ի՞նչ է Ադրբեջանը մոռացել է, որ ավելի քան 2 տասնամյակ է ոտնահարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թե միջազգային իրավունք ասելով նրանք այն հասկանում են միայն «նեղ» իմաստով՝ իրենց հարմար ձևով: Արցախի ժողովուրդը հենց նույն միջազգային նորմերի համաձայն՝ իրավունք ունի օգտվել նաև օդային թռիչքներ իրականացնելու՝ այդ ծառայությունից օգտվելու իրավունքից: