ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Վրաստանի հայցի քննությունը ընդդեմ Ռուսաստանի
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը չի պատրաստվում վերադառնալ 2008 թ-ին Հարավային Օսեթիայի պատերազմի առնչությամբ Վրաստանի ներկայացրած հայցին ընդդեմ Ռուսաստանի: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի որոշումն հնչեցրել է դատարանի նախագահ Հասիշի Օվադան:
«Դատարանը տասն ընդդեմ վեց ձայների համամասնությամբ սահմանում է, որ չունի հայցը քննելու համապատասխան իրավասություն»,- ասված է Օվադայի տարածած հայտարարությունում:
Նման որոշման հիմնական պատճառն է հանդիսացել այն հանգամանքը, որ վրացական կողմը հայցը ներկայացրել է, նախապես չփորձելով խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորել ռուսական իշխանությունների հետ: Դատարանը խախտում է արձանագրել Վրաստանի նմանատիպ գործունեության մեջ` 1965 թ-ին ռասսայական խտրականության բոլոր դրսևորումների չեզոքացման մասին միջազգային կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն:
Նշենք, նույն կոնվեցիայի հատկանիշներով էլ վրացական կողմը հայց էր ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի: Դատարանի կողմից հայցի մերժումը մեխանիկորեն դադարեցնում է տվյալ ատյանի կողմից գործի վարույթը: