Ադրբեջանում ձերբակալությունները շարունակվում են
Նախօրեին քաղաքացիական հագուստով 4 անձինք ներխուժել են Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավարի տեղակալ Քյամալ Հուսեյնովի և կուսակցության Նիզամի շրջանի համակարգող Օրհան Հուսեյնովի բնակարաններ ու ոստիկանություն տեղափոխելու պատրվակով առևանգել:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կուսակցության մամուլի ծառայությունից հաղորդել են, թե մինչ այժմ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում երիտասարդ ակտիվիստները: Պարզվել է, որ անհայտ անձինք բռնությունների են ենթարկել Օրհան Հուսեյնովի կնոջը, ով լուրջ շոկ է տարել:
Շարունակվում է նաև «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների ձերբակալությունները: Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է կուսակցության ակտիվիստ Բախրուզ Մուստաֆաևին, ինչպես նաև՝ «Բելգյախյաբյար» լրատվական կայքի լրագրող Ջամիլ Մամեդլիին:
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել մարտի 11-12-ի հանրահավաքին մասնակցած ակտիվիստների նկատմամբ: Ոստիկաններն այցելում են հանրահավաքներին մասնակցող անձանց բնակարաններ և զգուշացնում, որ հաջորդ անգամ կրկին բոլորին ձերբակալելու են: