Բ. Ենգիբարյան .«ՏՏ ոլորտը առաջնային դեր ու նշանակություն ունի անձամբ Սերժ Սարգսյանի համար»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի էր հրավիրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներին, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատար ընկերությունները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հանրապետության նախագահի հետ հանդիպումը դրական գնահատեց և կարևորեց այն փաստը, որ ՏՏ ոլորտի խնդիրներն ու ծրագրերը մշտապես գտնվում են Նախագահի ուշադրության կենտրոնում:
«Այսօրվա հանդիպում-քննարկման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՏՏ ոլորտը առաջնային դեր ու նշանակություն ունի ոչ միայն երկրի, այլև անձամբ իր համար: Այսօր քննարկվեցին հարցեր` կապված կրթության, աշխատանքների համակարգման, բիզնես միջավայրի, տեխնոպարկերի և վենչուրային հիմնադրամների ձևավորման հետ: Մասնավորապես քննարկվեց Հայաստանում Տեխնոլոգիական համալսարանի ձևավորման հարցը , ֆինանսավորման մեխանիզմները, կառավարման համակարգի աշխատանքների համակարգման և տեղական ընկերությունների արտասահմանյան շուկաներում ներգրավվելու հարցը»,- տեղեկացրեց Բագրատ Ենգիբարյանը:
Հիշեցնենք , որ անցյալ տարի ՏՏ ոլորտն արձանագրել է լուրջ առաջընթաց: Մասնավորապես, ոլորտում գրանցվել է 15.6% աճ, հասույթը կազմել է 150 մլն դոլար, որից տեղական ընկերությունների հասույթը՝ 58 մլն:
2010-ի գրանցվել է նաև ընկերությունների թվի աճ՝ 6%: Ներկայումս Հայաստանում գործում է ավելի քան 200 ՏՏ ընկերություն, որոնցից շուրջ 75-ը՝ օտարերկրյա:
ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 39%-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն՝ ավելի քան 20 երկիր: Անցյալ տարի ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների շուրջ 70%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 19%-ը՝ Եվրամիության երկրներն, 8%-ը Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին: