Հ. Մուսայելյան «Ձեռք են բերվել հաջողված և լուրջ ծրագրերի պայմանավորվածություններ»
Քիչ առաջ ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային նախաճաշը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատար ընկերությունները։
Նախագահի հետ հանդիպումից հետո ընկերության ղեկավարները հանդիպեցին լրագրողներին և ամփոփեցին հանդիպման արդյունքները։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի փոխանցմամբ, նման հանդիպումները բավականին արդյունավետ են, քանի որ արդեն իսկ ձեռք են բերվել հաջողված և լուրջ ծրագրերի պայմանավորվածություններ։
«Այս հանդիպման արդյունքները շատ տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Հիմնականում նախագահի հետ քննարկեցինք կառուցվածքային ՏՏ ստորաբաժանում ունենալու խնդիրը։ Նախագահն առաջարկեց, որպեսզի հիմնավորումներ տրվեն, թե ինչու՞ պետք է կառավարման համակարգում նմանատիպ առանձնին ստորաբաժանում լինի։ Գնդակն այժմ մեր դաշտում է»,-նշեց Հովիկ Մուսայելյանը։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը նշեց, որ առանձին ստորաբաժանում ունենալու անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ոլորտը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղ է, և նույնիսկ տնտեսական ճգանաժամի ժամանակահատվածում գրանցվել է երկնիշ թվով աճ։
«Նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՏՏ ոլորտում ձեռներեցության զարգացման, բիզնես միջավայրի ընդլայնման, օտարերկրյա ներդրումների խրախուսման և հեռահաղորդակցության հիմնական խնդիրների մասին։ Ոլորտի ներկայացուցիչների կողմից հնչեցված կարևոր հաղորդագրությունն այն էր, որ վերջին տարիներին բավականին լուրջ փոփոխություններ են գրանցվել ոլորտում և, եթե մեկ երկու տարի առաջ հիմնականում խոսում էինք հարկային վարչարարության, ԱԱՀ ի վերադարձնելիության և ինտերնետի որակի ու սակագնի մասին, ապա այդ խոսակցությունների ֆորմատն այսօր փոխվել է, և մենք արդեն խոսում ենք ինովացիաների, կրթության բարելավման և տեխնոլոգիական համալսարանական ծրագրերի մասին»,-տեղեկացրեց Հովիկ Մուսայելյանը։
Ամփոփելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը նաև հավելեց, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հավակնությունները բավականին մեծ են և նախագահի հետ հանդիպման ընթացքում արմատավորվել է այն միտքը, որ իսկապես ոլորտը զարգացումներ է ապրում, և ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են կառավարության հետ մեկտեղ մշակել նոր ծրագրեր ոլորտի հետագա զարգացումների ապահովման համար։