«Եկել է ՏՏ ոլորտի պոտենցիալը տնտեսության տարբեր ճյուղերում օգտագործելու ժամանակը»
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր կառույց ստեղծելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ կարողանանք մեկտեղ համադրել մեր բոլոր ջանքերը և մասնավոր հատվածի հետ միասին պետական ծրագրերին աջակցենք», -ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա հավելեց, թե ցանկություն կա 10 տարի հետո լինել տեխնոլոգիական հզոր երկիր, ապա պետք է կառավարությունում ներկայացված լինեն:
Նրա խոսքերով, նախագահի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են բարձրացվել, որոնք վերաբերում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլև նրան, թե երկիրը որ ճանապարհով պետք է գնա:
Նա ասաց, որ ՏՏ ոլորտը աստիճանաբար ընդլայնվում է. ներկայումս Հայաստանում կա 330 մասնավոր ընկերություն և այսօր եկել է այդ պոտենցիալը տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործելու ժամանակը:
«Այսօր օրակարգում է ի հայտ բերել այն խնդիրները, որոնք կարող ենք տեխնոլոգիական ճանապարհով լուծել և այդ լուծումներով տնտեսություն զարգացնել»,- նշեց Կ.Վարդանյանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքերով, ոլորտի զարգացման համար հարկավոր է, որ ավելի շատ երիտասարդներ ընդգրկեվեն ՏՏ-ի ոլորտ և կարողանան ձեռներեցությամբ զբաղվեն:
«Եթե մենք հազարավոր տեխնոլոգիական ձեռնարկություն ենք բացելու, ապա մեզ պետք է տասնյակ հազարանոց որակյալ աշխատուժ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր կրթական համակարգի արդյունավետությունը լինի ոչ թե 10-15 տոկոս, այլ` 100 տոկոս»,- ասաց Կ.Վարդանյանը: