Այս տարի ՏՏ ոլորտում նախատեսվում է 10-12 տոկոս աճ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրները միշտ եղել են ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, և այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր` կազմակերպչական, կառուցվածքային զարգացման, պետության կողմից աջակցության տրամադրման հետ կապված: ՀՀ նախագահի հստակ հանձնարարականը ուղղված էր դրանց լուծմանը. այդ խնդիրներին կտրվեն արագ լուծումներ և պատասխաններ:Այս մասին այսօր նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքերով, ՏՏ ոլորտը այլ ոլորտներից առանձնանում է իր համեմամատական առավելություններով:
Նշվեց, որ վերջին տարիների զարգացումներն ապացուցեցին`ճիշտ էր այն որոշումը, համաձայն որի կառավարության կողմից ՏՏ-ն համարվեց գերակա ճյուղ:
Ըստ Տ. Դավթյանի, բնականաբար ոլորտը ճանաչվելով գերակա, նաև պահանջում է որոշակի առանձնահատուկ մոտեցում իր զարգացման խնդիրների առումով, որն էլ այս տարիների ընթացքում իրականացրել է պետությունը: Նախարարի խոսքերով, սա այն ոլորտներից է, որոնք ոչ միայն կազմակերպչական և զարգացման աջակցություն են ստացել պետությունից, այլ նաև որոշակի ֆինանսական և վարկային ռեսուրսներ: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի ոլորտի զարգացմանն ուղղված 24 մլն դոլար արժողությամբ մի ծրագիր:
Տ.Դավթյանը նշեց, որ ՏՏ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսը, ինչը, ըստ նախարարի, բավականին բարձր ցուցանիշ է, սակայն ոլորտի զարգացման հնարավորություններն ավելի մեծ են:
Ըստ նրա, ոլորտում տարեկան կտրվածքով արձանագրվում է 10-15 տոկոսի աճ, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում այն ունեցավ որոշակի զարգացում:
«Կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ երկիրը թևակոխել է կայուն տնտեսական զարգացման փուլ, պետք է ակնկալենք, որ ոլորտը կունենա առաջընթաց զարգացում, իսկ աճի այս բարձր տեմպերը ոչ միայն կպահպանենք, այլև կփորձենք ավելացնել»,- ընդգծեց Տ.Դավթյանը` հավելելով, որ այս տարի ոլորտում նախատեսվում է 10-12 տոկոս աճ:
«Սական, եթե զարգացումները գնան դրական ուղղվածությամբ, ապա աճը մի փոքր ավելի կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է