Ադրբեջան. Կրկին բռնության է ենթարկվել ընդդիմադիր լրագրող
«Ազադլիգ» թերթի լրագրող Ռամին Դեկոն տունդարձի ճանապարհին առևանգվել է անհայտ անձանց կողմից և դաժան ծեծի է ենթարկվել:
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, բռնարարքն իրականացնող անձինք լրագրողին ծեծելուց հետո խորհուրդ են տվել այլևս չշփվել ընդդիմության հետ և չմասնակցել բողոքի ակցիաներին և չքննադատել իշխանություններին, այլապես հետևանքները վատ կլինեն: Բացի այդ, լրագրողին նաև հարցաքննել են իր հրապարակումների ու fasebook սոցիալական ցանցով կազմակերպվող միջոցառումների մասին:
Երկար ժամանակ անհայտ վայրում ծեծի ենթարկվելուց հետո, լրագրողին հաջողվել է դիմել փախուստի:
Բռնության ենթարկված լրագրողը հայտարարել է, որ այդ անձինք սերտ կապ ունեն նախկինում իրեն առևանգած մարդկանց հետ:
Նկատենք, որ վերջին 10 օրերի ընթացքում սա արդեն երկրորդ միջադեպն է:
Հիշեցնենք, որ մարտի 26-ի գիշերը նույն սցենարով բռնության էր ենթարկվել կրկին «Ազադլիգ» թերթի լրագրող Սեյմուր Հազիևը: