Դինքին սպանած Սամասթը խոստովանել է, որ իրեն հանցագործության դրդողը եղել է թուրքական մամուլը
Անչափահասների գործերը քննող Ստամբուլի դատարանում ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով երկրորդ դատական նիստը:
Նշենք, որ Բեշիկթաշի քրեական դատարանը 2010-ի հոկտեմբերի 25-ին որոշում էր ընդունել բավարարել Դինքին սպանած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցն այն հիմնավորմամբ, որ թուրքական խորհրդարանի ընդունած «6008» օրենքի դրույթի համաձայն, ընդհանուր իրավասության դատարանները զրկվում են 18 տարեկանը չլրացած անձանց դեմ հարուցված քրեական գործերը քննելու իրավունքից: Իսկ քանի որ սպանության կատարման պահին Սամասթի 18 տարեկան դեռ չկար, այդպիսով նրա գործն ուղարկվել էր անչափահասների գործերը քննող Ստամբուլի դատարան:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` հիշյալ քրգործով գլխավոր մեղադրյալ անցնող Օգյուն Սամասթը դատարանում հայտարարել է, որ ինքն իրականում ձգտել է խուսափել է Դինքի սպանությունն իրագործելուց: Բայց մամուլի հրապարակումներով ու հեռուստաեթերով շարունակ սերմանվող ատելությունն ու բռնության կոչերը հայերի, Դինքի, Փամուքի և այլոց դեմ, ի վերջո, իրեն դրդել են կատարել այդ հանցագործությունը:
«Եթե չլինեին այդ հոդվածներն ու հրապարակումները, տեղի չէր ունենա այն, ինչ կատարվեց»,- ասել է Օգյուն Սամասթը: Թուրքական պարբերականի դիտարկմամբ` այդ կերպ Սամասթը փորձում է հանցագործության մեղքի որոշ չափաբաժինը բարդել լրատվամիջոցների ու լրագրողների վրա: