«Օգնիր դպրոցիդ». Մեկ դպրոց արդեն վերանորոգվել է
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին, որի նվիրատվությամբ հիմնանորոգվել է Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի համար, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել վերջերս գործարկված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները և հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ և թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը, համաձայն որի, յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում հնարավորություն ունի 8-12 անգամ անվճար այցելել թատրոններ, թանգարաններ, դպրոցականների ֆիլհարմոնիա:
Կարեն Կարապետյանի խոսքով, դպրոցն այսօր յուրաքանչյուրի հոգածության կարիքն ունի և եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց:
Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար: Գործարարը առանձնակի կարևորել է քաղաքապետարանի կողմից հանրակրթական դպրոցների նկատմամբ դրսևորվող ուշադրությունը: