Բանկային ոլորտը ծանոթացավ հայկական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին
«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառման անդրանիկ հանդիպման ընթացքում` մարտի 25-ին և 31-ին բանկային ոլորտը ծանոթացավ հայկական 16 ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին:
Ինչպես տեղեկացնում է ԻՏՁՄ հանրային կապերի պատասխանատու Ռուզան Ապրեսյանը, ցանցային համակարգերի, անվտանգության լուծումներ, հաճախորդների հետ շփումը նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, փաստաթղթերի կառավարման և Էլեկտրոնային արխիվացման լուծումներ, հերթերի կառավարման, բանկային վճարային և ինֆորմացիոն տերմինալներ` այս և այլ ծառայություններով ու լուծումներով հանդես եկան iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները:
«Միջոցառումը մի կողմից կօգնի հայաստանյան բիզնեսին ծանոթանալ տեղի ՏՏ ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` ՏՏ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Միջոցառման դերը կարևորում են նաև մասնակից ընկերությունները և բանկերի ներկայացուցիչները:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորագույն դեր և նշանակություն ունեն բանկային ծառայությունների որակի բարձրացման և արդի ծառայությունների ներդրման գործում: Ուստի, այս միջոցառումը հնարավորություն է տալիս բանկերին ծանոթանալ իրենց նպատակներին ծառայող տեխնոլոգիական նորամուծություններին»,- նշել է Էյչ-Էս-Բի-Սի բանկի ներկայացուցիչ Արմինե Ոսկանյանը:
«Մենք կատարեցինք մեր հետևությունները մեր համակարգի մասին` ելնելով հարցերից և առաջարկություններից»,-ասել է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: «Դամարիս» ընկերության ներկայացուցիչ Արփի Աճեմյանի խոսքերով միջոցառումը հնարավորություն տվեց նաև առավել ընդլայնված ծանոթանալ ՏՀՏ ոլորտի մրցակից գործընկերների առաջարկած լուծումներին:
Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառումը նոր նախագիծ է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ կողմից, որն ուղեկցվելու է հանդիպումների շարքով բանկային, շինարարության, բժշկության և դեղագործության, հանքարդյունաբերության, ոսկերչության, առևտրի/պահեստավորման, ապահովագրության, սննդային/ոչ սննդային արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի, գյուղատնտեսության և կրթության ոլորտների համար: Հավելյալ տեղեկությունների համար` «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» բանկերին նվիրված թեմատիկ հանդիպման աջակիցներն էին Հայաստանի Բանկերի Միությունը և ՀՀ Կենտրոնական Բանկը:
Նախատեսվում է, որ հաջորդ թեմատիկ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին և նվիրված կլինի բժշկությանն ու դեղագործությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է