Ժնևում ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին
Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նշանավորման միջոցառումների շրջանակում, Ժնևի Դելիս համայնքային կինոդահլիճում շվեյցարական հանդիսատեսի համար նախօրեին տեղի է ունեցել ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի «Հայաստան` մշակույթի և զգացմունքների երկիր» ֆիլմի ցուցադրումը և համանուն գրքի ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Միջոցառման ընթացքում հեղինակը նշել է, որ իր ֆիլմով և գրքով փորձել է ներկայացնել իր ընկալած Հայաստանը` «իր Հայաստանը»` աշխատասեր, կենսունակ` իր ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը: Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երևանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթևում, Մեղրիում, Գյումրիում, Իջևանում, Սևանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կատարված նկարահանումները:
Թե ֆիլմը և թե գիրքը ներկայացնում են դարերի ընթացքում Հայաստանի պատմական կարևոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, հայկական պատմական և մշակութային ժառանգությունը` կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ճարտարապետական հնագույն հուշարձանները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:
Ֆիլմի ցուցադրումը և գրքի ներկայացումը շվեյցարական հանդիսատեսի համար նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները