Ո՞ր քաղաքապետը անիծեց Երևանի ճարտարապետությունը. Հարցում սոցցանցում
Ո՞վ է եղել Երևանի ամենավատ քաղաքապետը։ Մարդիկ գնում են ու նրանց վատ գործի մասին ոչ ոք չի խոսում, չի դատապարտում։ Վերջը ո՞վ անիծեց այս քաղաքի ճարտարապետությունը։ Ո՞վ։ Այսպիսի գրառում է արված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Երևան» կոչվող էջում: Այստեղ հղում է արվում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջին, որտեղ փակցված են մայրաքաղաքի նախկին բոլոր քաղաքապետերը` Հովհաննես Ղորղանյանից (1879-1884թթ) մինչև Գագիկ Բեգլարյան (2009-2010թթ):
Էջից օգտվողները հարցադրումներին տարբեր պատասխաններ են տվել: Մասնավորապես, օգտատերերից մեկը պնդում է, թե Երևանի քաղաքապետը պետք է պարտադիր երևանցի լինի: «Եթե Երևանում ծնված լինի քաղաքապետը, ոչ քաղաքի ճարտարապետությունը և ոչ մեկին չի անիծի», -ասել է էջից օգտվողներից մեկը:
Մյուսն ի պատասխան նկատում է. «Բոլորը կաթիլ առ կաթիլ այլանդակեցին մեր գեղեցիկ քաղաքը: Կարծում եմ, որ պարտադիր չէ, որ քաղաքապետը երևանցի լինի, բայց պարտադիր է, որ նորմալ կրթված ու գրագետ մարդ լինի, մտահոգ, հեռանկարային մոտեցում ունենա և վերջապես մտածի քաղաքի ճարտարապետության մասին, նրա ավանդական տեսքի պահպանման մասին»:
Օգտատերերից մեկի կարծիքով, քաղաքի պատմության մեջ եղել են լավ քաղաքապետեր, մասնավորապես, Գրիգոր Հասրաթյանը (1962-1975թթ): «Բայց վերջին տասը տարում պարզապես քանդակեցին մեր քաղաքը, եկան հարստահարեցին էս քաղաքը, դեմքը պղտորեցին, բակերը, այգիները, տները քանդեցին, ինչ էլ որ կառուցեցին հիմնականում անճաշակ ու անմակարդակ են` ոչ հայկական, ոչ երևանյան», -հավելել է նա: