Բեռլուսկոնին չի ներկայացել դատարան. Դատավարությունը հետաձգվել է
Միլանում այսօր սկսվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դատավարությունը, ում մեղադրում են 17-ամյա մարոկացի անչափահաս մարմնավաճառուհու հետ սեռական կապեր ունենալու համար:
Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը:
Դատական լսումները անմիջապես հետաձգվել են, երբ հայտնի է դարձել, որ նիստին չի ժամանել վարչապետ Բեռլուսկոնին, ինչպես նաև մարոկացի Ռուբին: Դատական լսումները հետաձգվել են մինչ մայիսի 31-ը:
Հիշեցնենք, Բեռլուսկոնիին մեղադրում են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Հետաքննությունը պարզել է, որ Բեռլուսկոնին, օգտագործելով իր պաշտոնը, հասել է աղջկա ազատմանը ոստիկանության բաժանմունքից, որտեղ վերջինը հայտնվել էր գողության մեջ կասկածվելու համար: Ըստ այդմ, վարչապետը իբր զանգահարել է ոստիկանության բաժանմունք ու հայտնել, թե ձերբակալվածը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի բարեկամուհին է` պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:
Մեղադրող կողմը, բացի այդ, մտադիր է դատարանում ներկայացնել բազմաթիվ տեսագրություններ Բեռլուսկոնիի վիլլայում կայացած երեկույթներից, որտեղ վարչապետը, ըստ պնդման, ինտիմ հարաբերությունների մեջ է մտել բազում մարմնավաճառների հետ:
Ինքը` Բեռլուսկոնին, հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները ու որակում դրանք քաղաքական: