Ա. Բաբայան « Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է ոչ թե աշխատողի, այլ գործատուի իրավունքները»
Աշխատանքային օրենսգրքում կատարված և ընդունված փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ այսօր քննարկում էին կազմակերպել արհմիությունների ղեկավարները և հանրային խորհրդի ներկայացուցիչները։
Ներկաները դեմ էին ընդունված փոփոխություններին, քանի որ դրանք հակասում են Սահմանադրությանը, և նվազեցնում են արհմիությունների դերը։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, տուրիզմի, առողջ ապրելակերպի ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանի փոխանցմամբ, անընդունելի է այն փաստը, որ օրենսգրքում փոփոխությունները կատարվում են շատ կարճ ժամանակում և առանց քննարկումների, նույնքան արագ օրենքի ուժ են ստանում։
«Դեռ մի քանի տարի առաջ զգացվում էր արհմիությունների շարժը, սակայն այսօր արհմիությունները մեկուսացած են, և այս ամենը աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանք է։ Այժմ փորձ է արվում արհմիությունները փոխարինել աշխատավորական ներկայացուցիչներով»,-նշեց Կառլեն Հարությունյանը։
Հանրային խորհրդի աշխատանքային հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Սուսաննա Մուրադյանն նշեց, որ եթե տարիներ առաջ, երբ աշխատողը խնդիր էր ունենում գործատուի հետ, ապա թակում էր արհմիության դուռը, ապա այսօր նման երևույթ չկա։
Շինարարների և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական նախագահ Ալֆրեդ Բաբայանի փոխանցմամբ, փոփոխված օրենսդրության հիմնական թերությունն այն է, որ վերջինիս մի շարք կետեր չեն համապատասխանում մայր օրենքին։
«Մեր մայր օրենքը Սահմանադրությունն է, և բոլոր մյուս օրենքները պետք է բխեն դրանից։ Այս առումով, աշխատանքային օրենսգիրքը չի համապատասխանում այս պահանջին և պաշտպանում է ոչ թե աշխատողի, այլ գործատուի իրավունքները»,-նշեց Ալֆրեդ Բաբայանը։
Բանախոսի փոխանցմամբ, մասնավորապես 113-րդ հոդվածի մի քանի կետ գործատուին թույլ է տալիս առանց որևէ պատճառաբանության աշխատողին ազատել աշխատանքից։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, տուրիզմի, առողջ ապրելակերպի ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ հանդիպել և զրուցել է հանրապետության վարչապետի հետ, սակայն մինչ օրս ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան