Հայաստանում ծրագրում են սունկ արտահանել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արմավիրի մարզ: Այցի շրջանակներում նա այցելել է Էջմիածնի «Բիգա» և «Ամստեր Ֆլաուրես» հայ-հոլանդական համատեղ ընկերություններ:
«Ամստեր Ֆլաուրես» հայ-հոլանդական ձեռնարկությունը հիմնադրվել է 2006-ին: Ընկերությոնների համասեփանակտեր Սամվել Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընկերության հիմնական նպատակն է եղել Հայաստանում ֆոտոդիզայնի և լանդշաֆտային դիզայնի զարգացումը, ինչպես նաև մեր պայմաններին համապատասխան տնկանյութերի աճեցումն ու բազմացումը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Պետրոսյանի խոսքով, հայ-հոլանդական ընկերությունը հիմնականում առաջարկում է առողջ վարդերի 100-ից ավելի տեսականի, մշտադալար բույսերի պտղատու ծառերի միամյա և բազմամյա բույսերի ինչպես նաև սենյակային էկզոտիկ բույսերի 200-ից ավելի տեսականի ու ծաղիկների սերմեր:
Ինչ վերաբերում է մյուս` «Բիգա» հոլանդական ընկերությանը, ապա ըստ Պետրոսյանի, այն հիմնադրվել է 2005-ին և 2009-ին սնկեր աճեցնող տեխնոլոգիաների առաջատար հոլանդական «Cristiaens Group» ֆիրմայի հետ պայմանագիր է կնքել Հայաստանում շամպինիոն տեսակի սնկի աճեցման և փաթեթավորման գործարան կառուցելու, ինչպես նաև համապատասխան մասնագետներ պատրատսելու մասին:
Ընկերությունների համասեփականատերը նաև տեղեկացրել է, որ աշխատանքների կազմակերպման և գործարանի կառուցման համար ներդրվել է 1 մլն եվրո գումար: Նա նաև նշեց, որ «Բիգա»-ի բոլոր տեխնոլոգիաներն ու սարքավորումները ներկրված են Հոլանդիայից:
Այնտեղից է բերում նաև սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստը և տորֆը: Կառավարման և աճեցման ամբողջ համակարգը հսկվում է համակարգչի միջոցով: Պետրոսյանը տեղեկացրեց, որ ամեն օր հավաքվում է միջին հաշվով 900-1000 կգ շամպինիոն:
Ըստ նրա, «Բիգա սունկ»-ը լինելով Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր սունկն իր համային հատկություններով ու որակով համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Տեղեկացրեց նաև, որ արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում, սակայն նախատեսվում է առաջիկայում արտահանել արտերկիր: «Մոտ ժամանակներում նախատեսվում է երկրորդ արտադրամասի ընդլայնում, ինչպես նաև կոմպոստի արտադրության գործարանի կառուցում, որը միակը կլինի տարածաշրջանում և սունկ արտադրողներին կապահովի որակյալ կոմպոստով», -վստահեցրեց Պետրոսյանը:
Նրա խոսքերով, նաև պայմանագիր են կնքել հոլանդական ընկերության հետ լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման ջերմատներ կառուցելու և համապատասխան մասնագետներ վերապատրաստելու մասին: Արդյունքում, նա հույս ունի, որ կբացվի 50-60 աշխատատեղ: