Աստղային խաղաղության 30 օրեր. սկսվել է գլոբալ աստղագիտական ամիսը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. հռչակված Աստղագիտության միջազգային տարվանից սկսած ամեն տարի անցկացվում է Համընդհանուր աստղագիտական ամիս (ՀԱՄ, Global Astronomy Month – GAM), որը կազմակերպվում է «Աստղային խաղաղության» (StarPeace) ծրագրի շրջանակներում:
Բյուրականի աստղադիտարանից պարզաբանում են, որ դրա գաղափարախոսությունն է` երկինքն առանց սահմանների և երկիրն առանց սահմանների, քարոզելով զերծ մնալ պատերազմներից և միջպետական հակամարտություններից և ընդհակառակը` բարեկամանալ բոլոր սահմանների վրա: Քանի որ Երկիր մոլորակը շատ փոքր է անսահման Տիեզերքում, ապա անհրաժեշտ է այն պահպանել բոլոր միջոցներով: Այս տարի էլ ապրիլ ամիսը հռչակված է ՀԱՄ-2011 (GAM-2011, http://www.astronomerswithoutborders.org/programs/all-programs/588-30-nights-of-starpeace.html), որի ընթացքում կտոնվեն «Աստղային խաղաղության» 30 օրեր:
Աշխարհը բաժանված է 10 հավասար գոտիների՝ յուրաքանչյուրում 3 օր, որոնցում գտնվող երկրները կնշեն այս ամիսը՝ կազմակերպելով համատեղ «աստղային» միջոցառումներ` մասնագիտական և սիրողական դիտումներ, աստղագիտական ընկերությունների և ակումբների հավաքներ, այլ հանդիպումներ, հանրային դասախոսություններ և այլն: Ծրագրի նպատակն է համագործակցության, հաղորդակցվելու և երկնքի նկատմամբ ունեցած սիրո արտահայտման միջոցով ցուցադրել, որ գիտությունը պետական սահմաններ չի ճանաչում: Այսպիսով, ապրիլի 1-ից 30-ը, իրար հերթափոխելով, տարբեր երկրներ նշում են Համընդհանուր աստղագիտական ամիսը:
Ապրիլի 1-3-ին ծրագրի սկիզբը դրվեց ամսաթվի փոփոխման միջօրեականից (նշվեց Ալյասկայում) և շարժվում է դեպի արևելք, այնպես, որ 3-ական օր տրամադրված է յուրաքանչյուր 36 աստիճան աշխարհագրական երկայնություն զբաղեցնող երկրներին: Այդ բաժանմամբ 7-րդ գոտում գտնվող Հայաստանի հերթը կհասնի ապրիլի 19-21-ին: Նույն գոտում են գտնվում նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Միջին Ասիայի պետությունները, արաբական երկրների մեծ մասը և արևելյան Աֆրիկայի պետությունները: Ծրագիրն ավարտվելու է Ավստրալիայում և Օվկիանիայի երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան