Արևշատյան. Մենք գնում ենք Վենետիկ` խոսելու աշխարհի հետ
Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար կազմակերպիչներն ու կոմիսարը ջանք չեն խնայում: «The Noyan Tapan Highlights»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը: Թերթը նշում է, որ Վ. Մնացականյանին կոմիսար նշանակելով տեղի են ունեցել ոչ միայն անձերի, այլև կոնցեպտուալ փոփոխություններ, օրինակ այս տարի նկարիչներն ընտրվել են ոչ միանձնյա, ինչպես նախկինում էր: Այս տարի ընտրության համար կուրատորների մի ամբողջ խումբ է աշխատել, որոնք, ըստ Վ. Մնացականյանի, «հանդիսանում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ժամանակակից արվեստի արհեստավարժ ու անհրաժեշտ փորձ ունեցող փորձագետներ»` Արմինե Անտիկյան, Վարդան Ազատյան, Ռուբեն Արևշատյան, Նազարեթ Կարոյան:
«Քանի որ բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր փառատոնն է, բոլորը ձգտում են հնարավորին չափ լավ ներկայացնել իրենց երկիրը: Պետք է կարողանաս օրիգինալ, հետաքրքիր ու յուրահատուկ բան ասել այդ ոլորտում, որը հետաքրքիր կլինի նաև աշխարհի համար: Եվ եթե նկարիչը նոր խոսք է ասում ժամանակակից արվեստում, և այն ընդունվում է այլ ազգերի կողմից, դա նշանակում է, որ մեր տաղավարը հաջողություն է ունեցել: Ես հավատում եմ, որ կկարողանանք գրավել օտարերկրացիների ուշադրությունը, քանի որ ընտրված են հետաքրքիր կոնցեպտուալ այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը և Գրիգոր Խաչատրյանը»,-ասել է Gallery One-ի հիմնադիր, արվեստի փորձագետ, լրագրող, հայկական տաղավարի համակարգողներից Արմինե Անտիկյանը:
Մեկ այլ կուրատորի` Վարդան Ազատյանի կարծիքով, իրենց ներկայացնելիք ծրագիրը տարբերվելու է նախորդներից, հայկական տաղավարը ենթադրում է ամենաակտիվ համագործակցությունը այլ ազգային տաղավարների հետ, նախատեսվում է սեմինարների, կոնֆերանսների անցկացում, որին հրավիրվելու են ամենատարբեր մարդիկ:
Ռուբեն Արևշատյանի խոսքով, ընտրված նկարիչները, ապրելով հետխորհրդային հանկարծակի փոփոխության` փլուզման և խզման տարիներին, փորձ են անում իրենց անձնական ապրումները մոդեռնիզմի ճգնաժամի վերաբերյալ արտահայտել արվեստի լեզվով: Նրա կարծիքով, համընդհանուրի և միակի կոնֆլիկտը ժամանակակից աշխարհի ամենաարդի դիսկուրսներից մեկն է:
Նազարեթ Կարոյանն էլ լրացրել է, թե իրենք ընտրել են այնպիսի աշխատանքներ, որոնք ներկայացնում են երեք սերունդ` ելնելով նրանց աշխատանքների ներքին դրամատուրգիայից: Մհեր Ազատյանն իր աշխատանքներում ներկայացնում է անկախ Հայաստանի նկարիչների առաջին սերունդը, Աստղիկ Մելքոնյանը` երկրորդը, իսկ հայոց ավանգարդներից Գրիգոր Խաչատրյանը` երրորդը:
Ռ. Արևշատյանը նշել է, որ Հայաստանը արդեն ներկա է Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում, մասնակցել են շատ լավ նկարիչներ, բայց բիենալեն ավաղ չդարձավ հարթակ նրանց ավելի լայն ճանաչման համար: «Մենք գնում ենք Վենետիկ` աշխարհի հետ խոսելու»-ասել է նա: Վ. Մնացականյանը համարում է, որ 54-րդ բիենալեն կդառնա շրջադարձային հայկական ժամանակակից արվեստի համար, և Հայաստանը կներկայացնի աննախադեպ հետաքրքիր նախագիծ:
1895 թ. հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին` Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին, Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: 1995-2009 թթ. հայկական տաղավարը ներկայացրել է «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը: 2011-ի` 54-րդ բիենալեն կմեկնարկի հունիսին ու կշարունակվի մինչև նոյեմբեր: Այն կրելու է «Տիեզերքները տիեզերքում» խորագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան