Բեկո՞ւմ. տնօրենների թեկնածուների հավաստագրման առաջին փուլը Աշոտյանը համարել է օբյեկտիվ, ազնիվ և արդար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կրթության ազգային ինստիտուտում հավաստագրեր է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած հավակնորդներին:
ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով բոլոր հավակնորդներին, նախարարը նշել է, որ բանավոր և գրավոր հարցաշարերում շտկումներ կատարելու անհրաժեշտություն դեռևս կա, սակայն այսօր նա փաստում է, որ տնօրենների թեկնածուների հավաստագրման առաջին փուլը կայացել է հաջողությամբ, օբյեկտիվ, ազնիվ և արդար մթնոլորտում։ «Այսպիսով, հնարավոր եղավ ապացուցել, որ անգամ ամենակաղապարված համակարգը կարելի է բեկել։ Դպրոցի տնօրեն աշխատելը մեծագույն պատիվ է, և այդ առաքելությունը պետք է վերապահվի այն մարդկանց, ովքեր ապացուցել են իրենց նվազագույն կարողությունների և գիտելիքների սահմանը։ Շնորհավորում եմ բոլորին, ովքեր հաղթահարել են այս փուլը»,- ասել է նախարարը։
Հայաստանում 267 տնօրենի թեկնածու հավաստագիր է ստացել, որից 48-ը՝ Երևան քաղաքից։
Նախարարը, դիմելով տնօրենների թեկնածուներին, ասել է. «Մենք ձեզ հետ միասին կարողացանք ապացուցել, որ այս մեխանիզմը կենսունակ է։ Մեզ հաջողվեց հավատ ներշնչել, որ դպրոցը պետք է լինի ավելի լավ ձեռքերում։ Կարողացանք ապացուցել, որ հայկական դպրոցում աշխատելու համար պետք է ունենալ այն լույսը, որը լուսավորում է մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել երեխաների հետ։ Լույսն իր հետ բերում է աշխատասիրություն, դժվարությունները հաղթահարելու կամք, հաջողություն»։
Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալագրեր է հանձնել նաև քննությունների կազմակերպիչներին և համոզմունք է հայտնել, որ դպրոցների տնօրենների թեկնածուների քննությունների հաջորդ փուլերը նույնպես անցկացվելու են օբյեկտիվ և թափանցիկ։
Քննությունների ընթացքի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոոնյանը, պատգամավոր Անահիտ Բախշյանը, քննությունը հաջողությամբ հանձնած ուսուցիչներ։