Ֆրանսիայում ուժի մեջ է մտել փարանջա կրելու արգելքի մասին օրենքը
Ֆրասիայում ուժի մեջ է մտել խորհրդարանի պալատների կողմից 2010 թ-ին հավանության արժանացած հասարակական վայրերում մահմեդական փարանջայի ու հիջաբի կրման արգելքի մասին օրենքը:
«Ֆրաս Պրես» գործակալության հաղորդմամբ, օրենքի խախտման համար նախատեսված է տուգանք 150 եվրո գումարի չափով, ինչը հնարավոր է փոխարինվի օրինազանցների կողմից քաղաքացիական պահելաձևի մասին դասախոսություններին պարտադիր մասնակցությամբ:
Ավելի խիստ տուգանք է սահմանված այն անձանց համար, ովքեր կստիպեն կանանց փարանջա կամ հիբաջ կրել: Նրանք կվճարեն մոտ 30 հազար եվրո: Տուգանքի չափը կկրկնապատկվի, եթե այն ստիպողաբար կիրառվել է անչափահասների նկատմամբ:
Հարյուրավոր մահմեդականներ օրինագծի ուժի մեջ մտնելու կապակցությամբ երեկ Փարիզում չարտոնված ցույց են անցկացրել: Տեղեկատվության համաձայն, իրավապահ մարմինները ձերբակալել են 61 անձի, այդ թվում 19 կնոջ: