Մեկնարկեց «Գիտություն` գիտելիքի հավերժական ներկայություն» կարգախոսով Ազգային գրադարանային շաբաթը
Այսօր մեկնարկեց «Գիտություն` գիտելիքի հավերժական ներկայություն» կարգախոսով Ազգային գրադարանային շաբաթը: Հայկական գրադարանային ասոցիացիայի հայտարարած արդեն 10-րդ անգամ անցկացվող շաբաթվա ընթացքում հանրապետության գրադարաններում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:
Շաբաթի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ: Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ:
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են մանկապատենական արձակ և չափածո ստեղծագործությունների մրցույթներ, հոբելյանական միջոցառումներ` նվիրված Գրիգոր Զոհրապի ծննդյան 150-ամյակին, Գարեգին Նժդեհի և Վահան Տերյանի 125-ամյակին:
ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ արդեն ավանդույթ դարձած միջոցառումը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը` ստանալով համահայկական բնույթ:
Նրա խոսքով, Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է` վերաիմաստավորել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, պետական այրերի և հասարակության ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրներին:
Հայաստանի Ազգային գրադարանում շաբաթի հանդիսավոր բացմանը մասնակցեցին արվեստագետներ, գրողներ, հրատարակիչներ, խրախուսվեցին գրքի քարոզչության գործում մեծ ավանդ ունեցող գրադարանավարները:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի Ազային գրադարանի կայքէջի շնորհանդեսը www.nla.am :
Ազգային գրադարանային շաբաթի մեկնարկի առթիվ գրադարանում բացվեց նաև «Գրիգոր Խանջյանի արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրված են նրա մասին տպագրված ավելի քան 20 միավոր գրքեր, մամուլում տպագրված հոդվածներ:
Ազգային գրադարանային շաբաթ լայնածավալ միջոցառումը կամփոփվի ապրիլի 18-ին: