Ստեղծվում է Համահայկական երիտասարդական խորհրդարան
Արդեն 10 օր է օնլայն տարբերակով գործում է Երիտասարդական համահայկական խորհրդարանը: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, այսօր առավոտյան, facebook սոցիալական ցանցի տվյալներով, արդեն 210 հոգի անդամակցում են Երիտասարդական համահայկական խորհրդարանին, որից 20-25 տոկոսը Սփյուռքից են: Նշվեց նաև, որ ներկայում պատրաստվում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:
Ըստ Ա.Մխիթարյանի, դեռևս 2004թ.-ից Ազգային ժողովում ստեղծվել է երիտասարդական խորհրդարան, որի նախաձեռնողն այն ժամանակ եղել է Հրանուշ Հակոբյանը: Դրանից հետո երիտասարդական պալատը իր գործունեությունն է ծավալել թե Երևանում, թե հանրապետության մարզերում և մի շարք ծրագրեր է իրականացրել: Սակայն, ԱԺ-ի հերթական ընտրություններից հետո խորհրդարանի գործունեությունը դադարել է և այսօր նախատեսվում է այն շարունակել:
Ա.Մխիթարյանի խոսքերով, Երիտասարդական համահայկական խորհրդարանի առաջին նպատակն է համազգային խնդիրների շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր ապրում են Սփյուռքում, նաև երիտասարդական կազմակերպությոններին, որոնք գործում են Արցախում և Հայաստանում, իսկ երկրորդ նպատակը հայապահպանությունն է: «Խորհրդարանում բոլոր քննարկումները կազմակերպվելու են հայերենով` հաշվի առնելով, որ Սփյուռքի երիտասարդների մոտ լեզվի պահպանության խնդիր կա, ինչը նաև հնարավորություն կտա պայքարել Սփյուռքի երիտասարդների խառնամուսնությունների դեմ»,- նշեց վարչության պետը:
Ըստ նրա, խորհրդարանը բաց է և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել բոլոր քննարկումներին: Առայժմ նախագահությունը կազմակերպում է Սփյուռքի նախարարությունը, բայց առաջիկայում այն կունենա նախագահող, որն, ըստ էության, մոդերատորի դեր կկատարի: Նախագահը կփոխվի ամիսը կամ երկու ամիսը մեկ` գրանցված երիտասարդական կազմակերպությունների կողմից:
«Յուրաքանչյուր գրանցված երիտասարդական կազմակերպություն խորհրդարանում կունենա մեկ ներկայացուցիչ, ով կմասնակցի քվեարկությանը, իսկ անհատ երիտասարդները կարող են միայն մասնակցել թեմաների քննարկմանը: Այս ակցիայով մենք խրախուսում ենք նաև երիտասարդների կազմակերպվածությունը»,- ասաց Ա.Մխիթարյանը` հավելելով, որ ոչ մի առավելություն չի տրվելու կուսակցական երիտասարդներին. գործող երիտասարդական կազմակերպություններն էլ կարող են ներգրավվել:
Թեմայի վերաբերյալ` http://panorama.am/am/politics/2011/04/08/youth-parliament/
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի