Գյուղնախարարը Լոռիում խոստացել է կաղամբը մթերել, հակակարկտային կայան ու վարկ տրամադրել
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախօրեին այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Կուրթան համայնքներ` դիտարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գարնանացան գարու, եգիպտացորենի բաշխման գործընթացին, գյուղտեխնիկայի սպասարկման ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը գյուղացիներին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերը, որոնց մեջ կարևորվել է գյուղատնտեսական վարկերի առավել ցածր տոկոսադրույքով(14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը) ու արտոնյալ պայմաններով տրամադրումը:
«ՀՀ նախագահի, կառավարության, ուշադրության կենտրոնում այսօր գյուղն է, գյուղացին և գյուղատնտեսությունը, այդ նպատակով էլ 2011-ը հայտարարվել է գյուղատնտեսական տարի», - հանդիպելով ջրաշենցիներին` նշել է Սերգո Կարապետյանը:
Ջրաշենում գյուղացիները բարձրաձայնել են հատկապես կաղամբի մթերումների հետ կապված դժվարությունների մասին: Նախարարը խոստացել է «Սպայկա» ընկերության միջոցով տարեվերջին ամբողջովին մթերել տալ Ջրաշենի ոչ միայն կաղամբն, այլ նաև աջակցել ամբողջ բնամթերքի մթերման հարցում: Նշված գործընթացի հետագա կարգավորման համար նա իր անձնական հեռախոսահամարը հանձնել է գյուղացիներին:
Մարզի Գարգառ գյուղում պատուհաս է կարկտահարությունը: Սերգո Կարապետյանը խոստացել է արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմել` մարզի համար նախատեսված հակակարկտային կայաններից մեկը Գարգառին տրամադրելու առաջարկով: Համայնքին կտրամադրվի նաև տոհմային ցեղատեսակի ցուլիկներ:
Գյուղացիները նախարարին դիմել են նաև սերմացուի, պարարտանյութի և թունաքիմկատների ձեռք բերման խնդրանքով:
«Հանրապետության 225 անապահով, աղքատ համայնքներին, որտեղ ներառված են նաև Լոռու մարզի մի շարք համայնքներ, այս տարի անվճար տրամադրվելու է էկոլոգիապես մաքուր, արդեն փորձարկված տեղական արտադրության օրգանական նոր պարատանյութ: Այն առավել մաչելի է, ոչ միայն բարձրացնում է բերքատվությունն, այլև պտղի որակական հատկանիշները», -տեղեկացրել է նախարարը:
Նա նաև նշել է, որ հանրապետության նախագահի հանձնարարականով խիստ վերահսկողություն է սահմանված պարատանյութերի և թունաքիմիկատների վաճառքի գներին, որպեսզի գյուղացու հաշվին գերշահույթ ստացողներ չլինեն:
Նախարարը Լոռու մարզի բնակիչներին տեղեկացրել է նաև գյուղատնտեսության նախարարությունում գործող թեժ գծի (010 - 54 – 19 – 68) և շտապ գյուղատնտեսական օգնության ծառայության մասին` հորդորելով խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել: