Հայկ Դեմոյան. Հրավիրում ենք Թուրքիայի արտգործնախարարին Հայոց Ցեղասպանության թանգարան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի լիազորություններով պատասխանել է ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի` Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի կառուցման մասին հարցին` հայտարարելով, թե ԵԽ նախարարական խորհրդում այդ հարցը չի քննարկվել: Դավութօղլուն նշել է` խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նա միաժամանակ չի բացառել համապատսխան հնարավորության դեպքում դրա քննարկումը խորհրդում: Դավութօղլուն այնուհանդերձ հայտարարել է, թե «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սկսած խաղաղ բանակցությունների արագացման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերջ տա նմանատիպ պրովակացիոն քայլերին»: Այս առնչությամբ panorama.am -ը մեկնաբանություն խնդրեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից:
«Օդանավակայանի բացման ու Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև ուղիղ օդային կապի հաստատման Հայաստանի քայլերը մինչ պրովոկացիոն որակելը, կցանկանայի հարցնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, թե ինչպես է վերջինս գնահատում ադրբեջանական բանակի զինվորների ու սպաների ներկայությունը Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում: Չէ՞ որ Բուդապեշտում մարդասպանություն գործած Ռամիլ Սաֆարովը իր ցուցմունքներում խոստովանել էր, թե հատուկ պատրաստության դասընթացներ էր անցել Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական գաղտնի ռազմական բազայում, որտեղ էլ, նրա խոսքերով, սովորել էր տարբեր գործիքներով մարդկանց սպանելու արհեստին»,- ասաց Դեմոյանը:
Մեկնաբանելով Դավութօղլուի մեկ այլ դիտարկումը, թե հայերը հրաժարվել են պատմաբանների հանձնաժողովից ու այդպիսով «ճիշտ» պատմությունը բացահայտելուց, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հույս հայտնեց.
«Կցանկանայի հավատալ, որ մի պայծառ օր Ահմեդ Դավութօղլուն կհետևի իր հարյուրավոր հայրենակիցների օրինակին ու կայցելի Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարան և հենց այդտեղից կսկսի վերանայել խեղաթյուրված ու կրճատված թուրքական պատմությունը: Հուսանք, որ նախարարը քաջություն կունենա չհրաժարվել մեր առաջարկությունից, իսկ մենք մեր կողմից կնախապատրաստենք բոլոր անհրաժեշտ արխիվային նյութերը` թուրք նախարարին փոխանցելու համար»: