Տեխզննման ոլորտում լրջագույն կոռուպցիոն ռիսկ կա. վարչապետը բացատրել է ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը
Մեր ուսումնասիրությունների ընթացքում արձանագրել ենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննման ոլորտում կոռուպցիոն լրջագույն ռիսկ կա: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի հարցին:
Նշենք, որ կառավարության վերջին որոշմամբ, ավտոմեքենաների տեխզննման դիմաց քաղաքացին այսուհետ կվճարի ոչ թե տեխզննման կենտրոններում, այլ բանկերում: Պատգամավորի դժգոհությունը հատկապես դրա վերաբերյալ էր:
«Հակակոռուպցիոն պայքարի դեմ միջոցառումներն իրականացնելիս բացահայտեցինք, որ այս ոլորտում առկա են լրջագույն պրոբլեմներ՝ տեխզննման կայանների կողմից տալոնները տրվում են՝ առանց տեխզննում իրականացնելու, և այս հիվանդությունը համատարած բնույթ էր կրում»,- հավելեց գործադիրի ղեկավարը` նկատելով, որ այդ կենտրոնները վարորդներից գումարներ էին վերցնում կտրոնների դիմաց, մինչդեռ շատ դեպքերում մեքենան անգամ տեծզննման կայան չէր մտնում:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ ներկայումս 300 հազար ավտովարորդ ամեն տարի տեխզննում պետք է անցկացնի, և ընդունված որոշումը բխում է հենց այդ մարդկանց շահերից: «Մեր որոշումը տեխզննման սեփականատերի շահերից չի բխում, բայց բխում է մեր քաղաքացիների շահերից: Եվ բացի այդ, այս որոշումից հետո տեխզննման կայանների միջև մրցակցություն կսկսվի, ինչի արդյունքում սպասարկման որակը կբարձրանա», - հստակեցրեց վարչապետը:
Նրա համոզմամբ, մեքենաների տերերն այլևս ստիպված չեն լինի տեխզննման դիմաց հավելյալ հինգ հազար դրամ տալ: «Մեր նպատակն է այս բնագավառում վերացնել կոռուպցիոն ռիսկերը»,- նկատեց վարչապետ Սարգսյանը: Արա Նռանյանի առաջարկին` խնդրի վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական արձագանքեց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա