Ադրբեջանի տարածքը որպես Իսրայելի` հակաիրանական գործունեության հարթակ. Իրանական կայք
ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Իսրայելն Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից զբաղվում է հետախուզական գործունեությամբ:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը` հղում կատարելով Լոնդոնում տպագրվող «Ալարաբ ալիոմ» օրաթերթին:
Ըստ տեղեկատվության` 2009թ. Բաքվում ԱՄՆ դեսպանությունը պետքարտուղարությանն ուղարկած զեկույցում, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը և Իսրայելը զենքի առևտրի վերաբերյալ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքել: Բացի այդ, Ադրբեջանն ու Իսրայելը անօդաչու ինքնաթիռների արտադրության մասին ևս համաձայնագիր ունեն ստորագրած»:
Հիշեցնենք, որ իրանական կայքերը և իրանցի վերլուծաբանները բազմիցս անդրադարձել են վերոնշյալ թեմային` քննադատելով Ադրբեջանին: Վերջերս իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի տարածքում` իրանա-ադրբեջանական սահմանին, Իսրայելի հատուկ ծառայությունները Իրանի դեմ հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով շատ բարձր արժեքով ադրբեջանցի գյուղաբնակներից գնում են հողատարածքներ, ինչն էլ անհանգստացնում է Իրանի սահմանային գյուղերի բնակիչներին:
Իսկ իրանական «թաբնաք.իռ» կայքը տեղեկացրել էր, որ Իրանի Արդեբիլ նահանգի ֆերմերներն անհանգստացած են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները, գնելով մեծաքանակ ադրբեջանական հողատարածքներ, հնարավոր է, որ այդտեղից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական բնակավայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան