Իսրայելի գլխավոր դատախազությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել ԱԳ նախարար Լիբերմանին
Իսրայելի գլխավոր դատախազությունը մեղադրում է երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին կոռուպցիայի մեջ:
Ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, այս մասին հաղորդել են իսրայելական հեռուստաընկերությունները:
Տեղեկատվության համաձայն, գլխավոր դատախազությունը մինչ մեղադրանքի պաշտոնական առաջադրումը, հնարավորություն է ընձեռել նախարարին իր անմեղության փաստարկները ներկայացնել հատուկ իրավաբանական լսումների ընթացքում:
Ավիգդոր Լիբերմանը հարցաքննություն է անցել դեռևս 2009 թ-ին, երբ մեղադրվում էր գումարների լվացման, կաշառակերության ու պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Տեղեկատվության համաձայն, Լիբերմանը միլիոնավոր իսրայելական շեկելներ է փոխանցել գոյություն չունեցող կազմակերպությունների, ինչպես նաև իր մերձավորների հաշվին, այնուհետև յուրացրել գումարները:
Ինքը` նախարարը հերքում է իրեն վերագրած բոլոր մեղադրանքները:
2009 թ-ին ԱԳ նախարարը հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե իր նկատմամբ մեղադրանք առաջադրվի: