Աղվան Հովսեփյանը Մանվել Սարիբեկյանի մահվան հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ադրբեջանում գերի վերցված ու այնտեղ մահացած Մանվել Սարիբեկյանի գործով ապրիլի 5-ին նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատավական ծառայությունից:
Նախրորդ տարվա նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետևանքով:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերով (սպանություն առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) ՀՀ ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությունը այնուհետև հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մ. Սարիբեկյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար 2010 թ. դեկտեմբերին նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զ. Գարալովին` քրեական գործի քննությանն աջակցելու համար, այն է` մասնավորապես տեղեկացնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ.Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
ՀՀ գլխավոր դատախազի նամակի` ադրբեջանական կողմի արձագանքի բացակայության, քրեական գործի քննությանը չաջակցելու, ճշմարտության բացահայտմանը շահագրգիռ չլինելու հանգամանքներից ելնելով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային.
«Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով, մասնավորապես խնդրել է հայտնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է արդյոք քննություն Մ. Մ. Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
Հաշվի առնելով, որ վերը նշված գործողությունների կատարումը նշանակություն ունի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար` խնդրում եմ Ձեզ աջակցել մեր գրությանը պատասխան ստանալուն»,- ասված է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան