Ա. Բախշյան. Մեր ապագա քաղաքացիները մեծանում են ոտնահարված արժանապատվությամբ
«Ստիպված եմ մեկ անգամ ևս բարձրաձայնել այն մասին, որ հատկապես դպրոցներում մեր երեխաները պաշտպանված չեն տնօրենների ու մանկավարժների բռնություններից. լրատվությունը շարունակում է հրապարակել նման փաստեր, ոստիկանություններում հարուցվում են քրեական գործեր: Մեր ապագա քաղաքացիները մեծանում են ոտնահարված արժանապատվությամբ, լսելի չեն նրանց կարծիքները, տեսակետները»,- սա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանի հայտարարությունից է, որ հնչելու է վաղը «Խորհրդարանական ժամ» հաղորդման շրջանակում:
Ա. Բախշյանը հիշեցրել է, որ Հայաստանը միացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաներին, մինչդեռ այսօր «որոշ դպրոցներում տոտալիտար կառավարման արդյունքում ձևավորվող համատարած վախի մթնոլորտը պարարտ հող է ստեղծում շողոքորթներ աճեցնելու համար, իսկ մի այլ տեղ տնօրենների ու մանկավարժների ոչ մասնագիտական գործունեության, նրանց անազնիվ, բարոյական քաղաքացու նկարագրի բացակայության հետևանքով դպրոցներում տիրող անառողջ մթնոլորտը չի նպաստում երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, որի բացակայությունը մեր երկրի խայտառակությունների պատճառն է»:
«Այս պահին լրատվությամբ տարածված հայտնի մի քանի դեպք` Գյումրու թ. 1 դպրոց, հանրապետական տնօրեն` Ջեմմա Ամիրխանյան, Երևանի թ. 68 դպրոց, տնօրեն` Սուսաննա Ազիզյան, Էջմիածնի թ. 2 դպրոց, հանրապետական տնօրեն` Սուսաննա Նազարյան, նրանց նկատմամբ կան հարուցված քրեական գործեր կաշառակերության, կեղծարարության, աշակերտին ծեծելու, հայհոյելու և կրթության տեսչության կողմից հայտնաբերված գանձագողության վերաբերյալ, սակայն նրանք շարունակում են հոխորտալ հասարակության վրա, թե մեր դեմ խաղ չկա, որովհետև իրենց տերերին լուրջ ծառայություններ են մատուցել ընտրությունների ժամանակ և իրենց կերպարներին համապատասխան հովանավորներ ունեն»,-ասված է հայտարարության մեջ:
Բաշխյանը նաև ընդգծել է, որ մեր հասարակությունն առաջվանը չէ և չի հավատում «Չարի վերջի» կացին չունեցող աղվեսին:
«Մեր բոլոր ծնողները կրթության պատասխանատուներից պետք է պահանջեն, որպեսզի իրենց երեխաներին կրթեն օրինակելի, բարոյական, քաղաքացիական նկարագիր ունեցող մանկավարժներ, ովքեր կապահովեն նաև կրթության որակ, իսկ հակառակն ուղղակի չպետք է հանդուրժեն: Հասարակությունն ակնդետ հետևելու է, թե ո՞վ է հաղթելու բարոյական - անբարոյական այս պայքարում: Հարցս գուցե անտեղի է, լավատես լինելս է մեղավոր:
Ահազանգում եմ. Հայաստանի Հանրապետությունում երեխաների կրթության սահմանադրական իրավունքը նման մանկավարժների պատճառով վտանգված է»,-ասված է հայտարարության մեջ: