Թուրքիան 135-րդ պետությունն է աշխարհում` ըստ մամուլի ազատության ցուցանիշի
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ամենամյա զեկույցը, որտեղ նշված 138 երկրները դասակարգվել են նաև ըստ մամուլի ազատության ցուցանիշի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Akşam» (Աքշամ) պարբերականը, հիշյալ 138 երկրների ցանկում, ըստ մամուլի ազատության ցուցանիշի, Թուրքիան զբաղեցնում է 135-րդ անպատվաբեր հորիզոնականը: Ավելի ստույգ` Թուրքիայում մամուլի ազատության վիճակը բնորոշող գործակիցը կազմել է 2.53: Հաջորդաբար ցանկը եզրափակող վերջին երեք երկրներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը (136), Լիբիան (137) և Զիմբաբվեյը (138): Ցանկի առաջապահ է ճանաչվել է Դանիան` 6.91 գործակցով: ԱՄՆ-ն զբաղեցրել են 38-րդ հորիզոնականը:
Թուրքական պարբերականը նկատել է տալիս, որ մամուլի ազատությունն ավելի լավ վիճակում է Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում և մի շարք այլ երկրներում, քան Թուրքիայում: Ըստ վերոնշյալ զեկույցի` Հայաստանը, զբաղեցնելով 125-րդ հորիզոնականը, նախորդում է Ռուսաստանի Դաշնությանը:
Հիշեցնենք, որ «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ի (ՄՄԻ-IPI) տվյալների համաձայն` բանտարկված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում հավասարը չունի: Այժմ աշխարհում չկա մի պետություն, որտեղ կալանավորված լինի 57 լրագրող, ինչպես Թուրքիայում: Ձերբակալված այդ 57 լրագրողի թվում է նաև Հրանտ Դինքի սպանության մասին երկու գիրք հեղինակած և «ՄՄԻ»-ի կողմից «Համաշխարհային մամուլի ազատության հերոս» տիտղոսին արժանացած Նեդիմ Շեները: