Հայկական ՏՏ ընկերությունների արտադրանքի 70%-ն ուղղվում է ԱՄՆ և Կանադա
Հայկական ՏՏ ոլորտն արտահանում է մոտ 58մլն ԱՄՆ դոլար արժողությամբ արտադրանք և ծառայություններ աշխարհի շատ երկրներ:
Այս մասին ասվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կատարած հետազոտության մեջ:
ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 48%-ն արտահանում է սեփական արտադրանքն ու ծառայությունները, սակայն տարբեր ծավալներով: Որոշների համար արտահանումը կազմում է հասույթի ցածր տոկոս, իսկ մյուսներն արտահանում են իրենց արտադրանքն ամբողջությամբ:
Արտահանումների առավելագույն մասը՝ մոտ 70%-ն, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 19%-ը՝ Եվրոպա, 8%-ը՝ Ռուսաստան և ԱՊՀ երկրներ:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և ՏՏ ծախսերի կրճատման հետևանքով 2008 թվականից ի վեր արտահանումներից ստացվող հասույթը նվազել է 10%-ով:
Այդուհանդերձ, ՏՏ ընկերությունների ղեկավարների կարծիքով, դա կրում է ժամանակավոր բնույթ, և մեկ կամ երկու տարվա ընթացքում արտահանումների նախկին ծավալը կվերականգնվի:
Մասնագետների փոխանցմամբ, արտահանման ծավալների աճը խոչընդոտող հիմնական գործոնը միջազգային գործարար հանրության կողմից Հայաստանի և հայկական ՏՏ ոլորտի մասին ոչ լիարժեք իրազեկությունն է: