Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Ռումինիա
Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22 պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում:
ԿԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական և տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»:
Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան և հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաև Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական և դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաև այցելություն Ռումինիայի Խորհրդարան և հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:
Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանի և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաև կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, Արարատ և Նոր Կյանք պարբերականներ, Արարատ հրատարակչություն: