Առաջին անգամ կկազմակերպվի հայ-վրացական ՏՏ Բիզնես Ֆորում
Հայ-Վրացական Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) Բիզնես Ֆորում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Վրաստանի ՏՀՏ ասոցիացիան (ICT Business Council) առաջին անգամ համատեղ կազմակերպում են հայ-վրացական ՏՏ Բիզնես Ֆորում, որը տեղի կունենա ապրիլի 26-ին Թբիլիսիում` Վրաստանի Էկոնոմիկայի և Կայուն Զարգացման նախարարությունում: Նախատեսվում է, որ մոտ 30 հոգուց կազմված հայկական պատվիրակություն կմեկնի Վրաստան ապրիլի 25-ին և կվերադառնա ապրիլի 27-ին:
Հայկական պատվիրակության մեջ մասնակցելու հայտեր են արդեն ներկայացրել Armenian Software, CHS Vericel Service, Nork Information-Analytical Center, Norma Plus, Smart-Tech, E-works, Apaga Technologies, IDS Design and Technologies, Vanarmcomp, Westsoft, Essential Solutions, Altacode, SouthTech Consulting, Inc, EKENG, GITC, Compass, Firm Alpha ընկերությունները:
Ֆորումի նպատակն է խթանել իննովացիոն ոլորտում հայ-վրացական բիզնես կապերը, աջակցել հայկական ընկերությունների գործարար լուծումների և առաջարկությունների ներկայացմանը վրացական շուկայում, ներկայացնել վրացական ընկերություններին հայկական շուկայի հնարավորությունները:
Ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` շահավետ համագործակցության հաստատում հայ-վրացական ընկերությունների միջև, հայկական և վրացական ընկերությունների տարածաշրջանային մրցունակության խնդիրներ, ՏՀՏ ոլորտի զարգացման նախաձեռնություններ, համատեղ բիզնես ֆորումներ անցկացնելու, միջոցառումներին մասնակցելու առաջարկներ, ինչպիսիք են` Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Forum և Digitec Expo, իսկ Վրաստանում ICT Business Council կողմից կազմակերպվող Վրաստանի Իննովացիոն Միջոցառմանը (GITI): Կքննարկվեն նաև հայկական և վրացական ընկերություններում երիտասարդ մասնագետների պրակտիկայի անցկացման առաջարկները:
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ վրացական ՏՏ ոլորտը կարգավորող պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից, ինչպես նաև ՏՀՏ լուծումները կիրառող (տուրիզմ, բանկային ոլորտ) ընկերություններից:
Ֆորումը լայնորեն կլուսաբանվի հայկական և վրացական ԶԼՄ-ների կողմից: