Գլխավոր մրցանակակիրը Հայաստանից է
Հայաստանը գրավել է գլխավոր պատվավոր մրցանակը Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող ութերորդ «Եվրոպական Նորարար ուսուցիչներ» ֆորումի ժամանակ: Նշենք, որ միջոցառումն անցկացվել է մարտի 22-25-ը:
Հաղթողը Վանաձոր քաղաքի Էվիրկա հատուկ դպրոցի ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանն է: Եվրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումում իր «Բլոգը, որպես կրթական միջավայր և գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի և մյուս հաղթող ուսուցիչների հետ հնարավորություն է ստացել մասնակցելու համաշխարհային Նորարար ուսուցիչներ ֆորումին, որը տեղի կունենա ԱՄՆ, Վաշինգտոն նահանգում 2011թ. նոյեմբեր ամսին:
«Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանի հաղորդմամբ, ֆորումին, մասնակցում էին ավելի քան երեքհարյուր նորարար ուսուցիչներ և դպրոցի տնօրեններ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ և այլ կրթական ոլորտի մասնագետներ քառասուն եվրոպական երկրներից: Ֆորումի ընթացքում ուսուցիչները ներկայացրել էին իրենց կողմից մշակված նորարար տեխնոլոգիաների կիրառման փորձը դասավանդման պրոցեսում, որի նպատակն է ուսուցման և դասավանդման մակարդակը բարձրացնելու և ստեղծագործական ու արդյունավետ միջոցների կիրառմամբ կրթությունը հանրամատչելի, դյուրամարս դարձնելու համար:
Ներկայացված ութսուն նախագծերից միջազգային ժյուրին, որ բաղկացած էր կրթական ոլորտի փորձագետներից, առանձնացրեց վեց նախագիծ` սահմանելով գլխավոր մրցանակ:
Հավելենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպական Նորարար ուսուցիչներ 2011 ֆորումին մասնակցած հայ ուսուցիչները «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երկրորդ ֆորում»-ի գլխավոր մրցանակակիրներն էին, որն ացնկացվել էր 2010թ դեկտեմբերի 16-ին Մայքրոսոֆթ ընկերության կողմից, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ»: Սակայն, սա առաջին անգամն էր, երբ Հայաստանը լուրջ հաջողություն ունեցավ ֆորումում: