Երևանի օդում նկատվող մշուշը պայմանավորված է Արաբական երկրներից քամու բերած ավազափոշիով
Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով:
Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մթնոլորտային օդում որևէ այլ բաղադրիչի նորմայից գերազանցում չի դիտվել: Կատարվել է օդի նմուշառում, նորմայից փոշու գերազանցումը հայտնի կդառնա մի քանի ժամից: Մասնագետների նախնական գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը:
Մասնագետների հավաստմամբ` մի քանի ժամից փոշին ծանրության հաշվին կնստի գետնին և մշուշը կվերանա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ: